Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«ՏԵՎՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐԱՆԱԿԱՆ «ՍԱԼԵՐԻ» ՄԻԱՑՈՒՄՆ ԱՂԵՏ ԿԴԱՌՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

«ՏԵՎՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐԱՆԱԿԱՆ «ՍԱԼԵՐԻ» ՄԻԱՑՈՒՄՆ ԱՂԵՏ ԿԴԱՌՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
18.03.2011 | 00:00

Գուցե և «աշխարհաքաղաքական նոր իրավիճակ» արտահայտությունն անհեթեթ է, այսինքն, եթե խոսքն աշխարհաքաղաքականության մասին է, իրավիճակի մասին խոսելն ավելորդ է։ Բայց ներկա միջազգային իրողությունն այնպիսին է, որ հազիվ թե տեղին լինի խոսել ինչ-որ երկարաժամկետ ռազմավարության մասին, ինչն աշխարհաքաղաքականության բնորոշ առանձնահատկություններից մեկն է։ Շատ քաղաքագետներ նկատել են, որ աշխարհի ոչ մի առաջատար պետություն ի վիճակի չէ լիարժեքորեն ռազմավարություն կառուցելու, և առաջին հերթին` աշխարհաքաղաքական բնույթի։ Ըստ երևույթին` դա ժամանակի հայտանիշ է և կիմաստավորվի շատ մոտ ապագայում։ Այդուամենայնիվ, շատ քաղաքական գործիչներ ու քաղնախագծողներ պնդում են (և, հավանաբար, արտահայտում են Եվրոպայի ու ԱՄՆ-ի քաղաքական կենտրոնների շահերը), թե, այսպես կոչված, «վերաբեռնումը» ամերիկա-ռուսական հարաբերություններում ոչ այլ ինչ է, եթե ոչ աշխարհաքաղաքական նոր իրավիճակի առաջացում, նախ և առաջ` Արևելյան Եվրոպայում։ Արևելյան Եվրոպայի (ավելի ճիշտ` Կենտրոնահարավարևելյան Եվրոպայի) երկրների նախկին քաղաքական առաջնորդները դիմել են Օբամային` կոչ անելով իրենց երկրները «չհանձնել» Ռուսաստանին, և այսուհետ ևս պաշտպանել այդ պետությունների շահերը։ Ընդ որում, բերվում են ԱՄՆ-ի վարքագծի օրինակը և վրաց-ռուսական պատերազմի պահին ամերիկյան միջամտության սահմանները։ Իրո՞ք Ռուսաստանն այդքան լուրջ սպառնալիք է այն երկրների համար, որոնք դարձել են ՆԱՏՕ-ի և Եվրամիության լիարժեք անդամներ։ Կասկած չկա, որ այդ «անհանգստության» պատճառը միանգամայն այլ է, ավելի ճիշտ` Ռուսաստանի մտադրությունները չեն, իսկ ավելի շուտ` Գերմանիայի, ինչպես նաև Ֆրանսիայի մտադրություններն են, որոնք վերջին տարիներին բառացիորեն իրենց կամքն են պարտադրել Եվրատլանտյան կառույցներին, վճռորոշ ազդեցություն են գործել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մի շարք սկզբունքային որոշումների վրա։ Գերմանիան և Ֆրանսիան կտրուկ սահմանափակել են ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնումը և միաժամանակ ակտիվացրել ՆԱՏՕ-ի մասնակցությունն Աֆղանստանում` ԱՄՆ-ին պարտադրելով իրենց դիրքորոշումն Իրաքի, Իրանի, Թուրքիայի հետ կապված հարցերում, մերձավորարևելյան և մի շարք այլ խնդիրներում։ Ըստ էության, Անգելա Մերկելի և Նիկոլա Սարկոզիի իշխանության գալուց ի վեր, թվում է, անհնարին բաներ են կատարվել, Եվրամիությունը, ասես, սեփական արտաքին քաղաքականությունն է ձեռք բերել։ Ֆրանս-գերմանական զույգը, չնայած ներքին հակասությունների սաստկացմանը, ազդեցիկ է ինչպես երբեք, գործուն դաշնակիցներ է ձեռք բերել եվրոպական մի շարք պետությունների կազմից և, փաստորեն, ձևավորել է եվրոպական արտաքին քաղաքականությունն արաբական աշխարհի, Ռուսաստանի, Չինաստանի, Լատինական Ամերիկայի նկատմամբ։ Ամերիկացիներն ու բրիտանացիները, Վաշինգտոնում Բուշի վարչակազմի կողմից Ն. Սարկոզիի մեծաշուք ընդունելությունից շատ չանցած, հասկացան, որ Ֆրանսիայի նախագահը վարում է շատ հավասարակշիռ քաղաքականություն` ուղղված ՆԱՏՕ-ի վրա Ֆրանսիայի և ԵՄ-ի ազդեցության ուժեղացմանը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի իրանական բաժնի ղեկավարի ասելով, «բնավ էլ Իրանի նկատմամբ Եվրոպայի դիրքորոշումը չէ, որ մոտեցավ ԱՄՆ-ի դիրքորոշմանը, այլ, ընդհակառակը, ԱՄՆ-ն է վարում եվրոպականին մոտ քաղաքականություն»։
Արևելյան Եվրոպան եղել և շարունակում է լինել Եվրոպայի տարազատման, մասնավորապես Եվրոպայի և Ռուսաստանի տարազատման կարևոր, եթե ոչ առավել արդյունավետ լծակը, նախ և առաջ արգելապատնեշ Գերմանիայի և Ռուսաստանի չափից դուրս սերտ մերձեցման ճանապարհին։ Առնվազն 250 տարի Մեծ Բրիտանիայի ռազմավարական խնդիրներից մեկն է եղել թույլ չտալ գերմանա-ռուսական դաշինքի ստեղծում, ինչն էլ պատճառ է դարձել երկու համաշխարհային պատերազմի։ Հնարավոր է, որ «վերաբեռնում» արտահայտությունը ճիշտ չի ընկալվել, և դա նոր նախաձեռնություններ է ենթադրում տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Որքան էլ ԱՄՆ-ը զբաղված լինի Հարավային և Կենտրոնական Ասիայի խնդիրներով և Չինաստանի զսպման քաղաքականությամբ, նա երբեք չի «մոռանա» Եվրոպային վերաբերող խնդիրները, քանի որ եվրոպական ուղղությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքն է։ Եվրոպայում ԱՄՆ-ի ազդեցության թուլացումն ամերիկացիներն ավանդաբար համարում են անթույլատրելի բան։ Եվրոպայում ԱՄՆ-ի ազդեցության պահպանմանն էին նվիրված ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնման խնդիրը, Բոսնիայի և Սերբիայի պատերազմները, ամենավերջերս` ՈՒկրաինայի հետ կապված «գազահոտ» վեճերը, Թուրքիան ԵՄ խցկելու խեղկատակությունը և այսպես շարունակ։ Պետք է ասել, որ Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, չնայած մի շարք բացահայտ ձախողումներին, շատ արդյունավետ է թվում և, ըստ էության, այդպես էլ կա, և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տարածաշրջանային ուղղություններից և ոչ մեկն այդքան համարժեք չի եղել տեխնոլոգիաների ու արդյունքների առումով։ Արևելյան Եվրոպայի պետությունները չեն թաքցնում, որ չեն վստահում ո՛չ Ֆրանսիային, ո՛չ Գերմանիային և ո՛չ էլ անգամ Մեծ Բրիտանիային, որոնք կա՛մ ագրեսիա են կատարել, կա՛մ իրենց թողել են բախտի քմահաճույքին։ Հարկ է նշել, որ Արևելյան Եվրոպայի երկրներում ոչ միայն ատլանտյան, այլև ազգայնական կուսակցություններն ու խմբերը խիստ հոռետեսորեն են վերաբերվում Եվրոպայի առաջատար երկրներին որպես ռազմավարական գործընկերների։ Դա հնարավորություն է տալիս հանդես գալու ամեն տեսակի նախաձեռնություններով և, ըստ էության, ստեղծելու Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ազդեցության սահմանափակման ամեն մի նախագիծ։
ՈՒկրաինական ու վրացական թեմաները, որոնք եվրոպացիների համար միշտ էլ շահարկման առարկա են եղել, այդուամենայնիվ, ուսանելի են դարձել Արևելյան Եվրոպայի երկրների համար` ներկայացնելով նրանց խոցելիությունն անգամ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի կազմում։ Բայց բանը սոսկ Ռուսաստանի քաղաքականությունը չէ։ Ն. Սարկոզին «հանձնեց» ոչ միայն Վրաստանը, այլև տարածաշրջանի բոլոր այն երկրները, որոնք որևէ խնդիր ունեն Ռուսաստանի հետ։ Ֆրանսիան և Գերմանիան վրաց-ռուսական հակամարտությունից շատ ավելի մեծ օգուտ քաղեցին և ավելի էական նոր դիրքեր ստացան, քան ԱՄՆ-ը։ Ֆրանս-գերմանական զույգն Արևելյան Եվրոպային ցույց տվեց, որ միանգամայն գիտակցորեն է Վրաստանին պատերազմի դրդել և նրան օգնություն չի ցուցաբերել որպես գործընկերոջ։ Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքորոշումն ընդգծեց ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև հենց ԱՄՆ-ի խոցելիությունը, որը չի ուզում և չի կարող կատարել իր պարտավորություններն այն պետությունների հանդեպ, որոնց ամերիկյան քաղաքական գործիչները, այդ թվում նաև` ԱՄՆ-ի նախագահը, բազմիցս ռազմավարական գործընկերներ են անվանել։ Ոչ միայն Կովկասում կատարված պատերազմական արկածախնդրության, այլև Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքականության պատճառով, ինչն ամբոխավարորեն ցուցադրվեց, ԱՄՆ-ը ներկայացվեց նոր` «սահմանափակ արտքաղաքական պատասխանատվությամբ պետություն» կարգավիճակով։ Անշուշտ, ԱՄՆ-ը քիչ աշխատանք չի կատարել Ռուսաստանի դերը սահմանափակելու ուղղությամբ, գուցե և իրականում հանդես է եկել որպես գլխավոր հակազդող ուժ, բայց հենց Ն. Սարկոզին տիրացավ ռուսական ագրեսիայից Եվրոպայի «փրկչի» դափնիներին։ Բացի այդ, հենց Ն. Սարկոզիի ակտիվությունը և Ա. Մերկելի քողարկված ռուսամետ դիրքորոշումը հանգեցրին հզոր հակաամերիկյան հասարակական ալիքի բարձրացմանը Եվրոպայում, ուր ԱՄՆ-ի պարտությունը Կովկասում ընդունվեց որպես ամերիկյան հզորության անկման ահազանգ` ո՛չ ավելի, ո՛չ պակաս։ Եվրոպայում տեղի են ունենում ԱՄՆ-ի համար շատ վտանգավոր գործընթացներ, և ժամանակն է գործի դնելու բոլոր հնարավոր քաղաքական միջոցներն ԱՄՆ-ի նախկին դիրքերը վերադարձնելու համար։ Կասկածից վեր է, որ Եվրոպային մեծ անակնկալներ են սպասում տարբեր տարածաշրջաններում։ Հնարավոր է, որ ամենանշանակալի սպառնալիքը դառնա Եվրոպայի ակտիվ ներգրավումն աֆղանական իրադարձություններին և Պակիստանի մասնատմանը։ Համենայն դեպս, ցանկացած նախագծում, ուր ԱՄՆ-ը և ԵՄ-ն հանդես են գալիս համատեղ, պայքար է տեղի ունենում համաշխարհային քաղաքականության երկու «բևեռների» միջև, և գործընկերներից յուրաքանչյուրը ձգտում է նեղել մյուսին։ Համանման նախագիծ է Թուրքիայի զսպման խնդիրը, ուր ԱՄՆ-ը և Եվրամիությունը, ավելի ճիշտ առաջատար եվրոպական պետությունները, հանդես են գալիս համաձայնության, միաժամանակ նաև մրցակցության ռեժիմով։
Կա՛մ ԱՄՆ-ի, կա՛մ Եվրամիության քաղաքականության բացարձակացումը հավասարապես վտանգ է ներկայացնում տարբեր տարածաշրջանների, այդ թվում` Հարավային Կովկասի ոչ մեծ պետությունների համար։ Փոքր երկրները, իրենց ինքնիշխանությամբ մտահոգ, ձգտում են խուսավարել և հավասարակշռություն պահպանել խոշոր տերությունների միջև, ներառյալ Ռուսաստանը։ Բայց ԱՄՆ-ի ու ԵՄ-ի քաղաքականության, շահերի ու արտքաղաքական հնարքների ամբողջ անմիարժեքությամբ հանդերձ, կասկած չկա, որ եվրոպացիների քաղաքականությունն այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է` հարևանների հետ իր լուրջ խնդիրներով, ավելի վտանգավոր է թվում, քան ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Նման պնդման համար շատ հիմքեր կան։
ՈՒժի համաշխարհային երկու կենտրոններից` ԱՄՆ-ից ու Ռուսաստանից, որոնք շահագրգիռ են պետական սահմանների վերաձևմամբ, միայն ԱՄՆ-ն է ընդունակ դա կատարելու օրինականորեն` ժողովրդավարական աշխարհի տասնյակ պետությունների հավանությամբ և աջակցությամբ։ ԱՄՆ-ի համար նորանկախ պետությունների ճանաչումը նրա արտաքին քաղաքականության և համընդհանուր անվտանգության նոր աշխարհաքաղաքականության կառուցման կարևոր տարրն է։ Փաստորեն, միայն ԱՄՆ-ը հնարավորություն ունի վարելու ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն` ունենալով գործառական կառավարման իրական համակարգ։ Այդ դոկտրինն առաջադասն է դառնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, և արդեն շատ գործընթացներ ու իրադարձություններ են ենթարկված այդ խնդրին։ Եվրոպական պետություններն ուղղակի օրգանապես շահագրգռված չեն և շատ թշնամաբար են ընդունում նոր պետությունների առաջացումը։ ԱՄՆ-ը ջանում է մանրատել ոչ միայն Մերձավոր Արևելքն ու Հարավային Ասիան, այլև Եվրոպան` հրահրելով նաև, այդ թվում սփյուռքների օգնությամբ, միանգամայն անսպասելի անջատական շարժումներ, թվում է, ամենակայուն և կանխատեսելի տարածաշրջաններում։ Եվրոպացիները ձգտում են դիմադրություն ցուցաբերել այդ միտումներին, բայց առայժմ ամենևին պատրաստ չեն դրա դեմն առնելուն։ Ըստ էության, ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել գործընկերների նոր կազմ, և նրան պետք են նոր պայմաններ ավելի ակտիվ տարածաշրջանային կառավարման համար։ Եվրոպական պաշտպանական նախաձեռնության հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը կրում է հակասական և երկդիմի բնույթ։ Ձգտելով եվրոպական զինված ուժերն ուղղել Կովկաս-կասպյան և Կենտրոնասիական տարածաշրջաններում (ինչպես նաև Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում և այլ շրջաններում, հնարավոր է նաև Պաղեստինում) անվտանգության ապահովմանը, ԱՄՆ-ը ձգտում է ցուցադրել եվրոպական զինված ուժերի ռազմական ու քաղաքական սնանկությունը, որոնք ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունեն։
ԱՄՆ-ը հստակեցրել է իր դիրքորոշումը չճանաչված կազմավորումների նկատմամբ` որպես տարբերակում և ընդհանուր առմամբ դրական։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, որը միտված է Կոսովոյի ինքնիշխանության ու նրա լիակատար քաղաքական անկախության ճանաչմանը, որպես չճանաչված պետությունների խնդրի կարգավորման գործընթացի զարգացման նմուշի, չի կարող չտարածվել այլ տարածաշրջանների և հակամարտությունների վրա։ Չճանաչված պետություններն ավելի ու ավելի են դառնում աշխարհաքաղաքական սուբյեկտներ և անվտանգության տարածաշրջանային համակարգերի կարևոր տարրեր։ Չճանաչված պետությունների գոյությամբ ԱՄՆ-ի շահագրգռության պատճառը ոչ միայն տարածաշրջանային կայունությունը պահպանելու ձգտումն է և իրավիճակի փաստացի հետևողական ընդունումը, այլև իր ռազմավարական շահերի օգտին միջնաժամկետ հեռանկարում այդ տարածքների օգտագործումը։ Վերջին ժամանակներս Արևմտյան ընկերակցությունում, հատկապես ԱՄՆ-ում, ավելի է աճում այն բանի ընկալումը, որ չճանաչված պետությունների առկայությունը, այսինքն` ազգային քաղաքական մասնազատումը, հանգեցրել է տարածաշրջանային անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Համաեվրոպական դիրքորոշումն ինչ-որ չափով, այսպես թե այնպես, արտահայտվում է եվրոպական պետությունների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, մասամբ Իտալիայի քաղաքականության մեջ։ Եվրոպական առաջատար քաղաքագետների խոստովանությամբ, երևի, այդ «մեծ քառյակը» հետագայում ևս կուղեգծի եվրոպական արտաքին քաղաքականությունը, եթե այսպես կարելի է անվանել եվրոպական որոշակի, քիչ թե շատ ընդհանրացված դիրքորոշումը։ Դրա հետ մեկտեղ, գտնվելով տնտեսական և ռազմաքաղաքական սերտ դաշինքի մեջ, Եվրոպայի առաջատար պետությունները բավականին հակասական դիրքեր են գրավում ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ, սակայն նրանց դիրքերը, տարածաշրջանային քաղաքականության առումով, շատ բաներում նման են։ Բալկաններ, Պաղեստին, Հյուսիսային Աֆրիկա, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Չինաստան և այլ երկրներ ու տարածաշրջաններ։ Այսպիսով, կարելի է մեծ հավաստիությամբ ենթադրել, որ Եվրոպայի առաջատար պետությունները միանման դիրք են գրավում Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի խնդիրների հանդեպ։ Սակայն այդ համեմատաբար միանման դիրքերի պայմաններում եվրոպական տերությունները փաստորեն արդեն հասել են իրենց շահերի իրականացմանը Հարավային Կովկասում։ Մեծ Բրիտանիայի` իր նավթային ընկերությունների քաղաքական աջակցության ապահովմանն ուղղված քաղաքականությունը միանգամայն հաջող է ընթանում։ Նավթային նախագծերը հաջողությամբ իրականացվում են, և ոչ մի հիմք չկա պնդելու, թե այդ նախագծերին ինչ-որ բան սպառնում է։ Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասում վարում է չափազանց զգուշավոր քաղաքականություն` խուսափելով իր աշխարհաքաղաքական շահերը չշոշափող խնդիրներին միջամտելուց։ Ֆրանսիայի շահերը շաղկապված են զուտ աշխարհաքաղաքական հավակնությունների և ԱՄՆ-ին այլընտրանքային քաղաքական ներկայություն ցուցադրելու ձգտման հետ։ Գերմանիայի շահերը Հարավային Կովկասում պայմանավորված են իր տնտեսական և քաղաքական ազդեցության լայն, ընդգրկուն մայրցամաքային ոլորտի կազմավորման հետ կապված երկարաժամկետ քաղաքականությամբ, մի խնդիր, որը 10-15 տարի հետո միայն կշոշափի Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Կարելի է լիովին հնարավոր համարել, որ Եվրոպայի առաջատար տերություններն ինչ-որ միասնական դիրքորոշման կհանգեն Հարավային Կովկասի առնչությամբ, բայց այդ դիրքորոշումը, անտարակույս, կհիմնվի ոչ թե եվրոպական վաղանցիկ արժեքների, այլ եվրոպական երեք-չորս առաջատար պետությունների կոնկրետ շահերի վրա։ Եվ դա շատ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի համար, քանի որ եվրոպացիներն ավելի ու ավելի են միասնական «ճակատով» հանդես գալիս ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին տարածաշրջանի պետությունների անդամակցության հարցերում։ Ընդ որում, Մեծ Բրիտանիան արդեն չի էլ թաքցնում Եվրատլանտյան կառույցներին Արևելյան Եվրոպայի երկրների ինտեգրման հարցերում Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ իր հարկադրական միաբանությունը։
Ամերիկյան այդ հայեցակարգում Արևելյան Եվրոպային առանձնահատուկ դեր է տրված, երբ տեղի է ունենում Գերմանիայի ու Ֆրանսիայի արևելյան քաղաքականության շրջափակում։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ձգտում են թույլ չտալ, որ Արևելյան Եվրոպան վերածվի Գերմանիայի բացարձակ ազդեցության գոտու, այսինքն, գերմանական աշխարհատնտեսական կայսրության։ ՈՒկրաինայի, Բալթիկայի, Բալկանների շատ իրադարձություններ շաղկապված են Գերմանիայի աշխարհաքաղաքական շրջափակման խնդիրների իրագործման հետ։ Եվ դա անմիջական առնչություն ունի Հարավային Կովկասի, Արևելյան Եվրոպայի (ներառյալ Ռուսաստանը) շահերի ու ռազմավարական անվտանգության հետ։ Խոսքը հեռանկարում Գերմանիայի և Թուրքիայի հնարավոր դաշինքի մասին է։ Այդ հեռանկարը կարող է լիովին ընդունելի համարվել Գերմանիայի համար, եթե, ինչպես նախկին պատմական ժամանակաշրջաններում, Գերմանիայի և Ռուսաստանի միջև սերտ գործընկերությունը չստացվի, կամ էլ Գերմանիան նախընտրի Արևելքում որպես ռազմավարական գործընկեր ունենալ ոչ միայն Ռուսաստանին, այլև Թուրքիային որպես այլընտրանքային կամ հիմնական գործընկերոջ Արևելյան Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում։ «Տևտոնական և թուրանական «սալերի» միացումն աղետ կդառնա Ռուսաստանի և նրա դաշնակիցների համար»։
Նշելով այս հանգամանքը` չի կարելի չկանխատեսել, որ մոտ ժամանակներս կարող է Արևմտյան Եվրոպայի կողմից Արևելյան Եվրոպայի երկրների և ազգերի համար գոյաբանական սպառնալիքի սուր վտանգ առաջանալ, և այս կապակցությամբ այդ ընդարձակ տարածաշրջանն ատլանտյան տերությունների ռազմաքաղաքական և աշխարհատնտեսական ներկայության կարիքն ունի, որոնց շահերը միշտ և ամեն պարագայում կհակասեն եվրոպական պետությունների և Ռուսաստանի շահերին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ